Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել է նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրել նրանց:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցել է, խաղացել և լուսանկարվել նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնել նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրել են իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարել իրենցկ մշակած երգը:
Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում:
«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»,-երեխաներին խորհուրդ է տվել ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանի և ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջերում ևս գրառումներ ու լուսանկարներ կան այցից։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին