Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան
Մայիսի 10-12-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։ Մրցույթի լրատվական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ անկացվող այս միջոցառումը նպատակ ունի համախմբելու շնորհալի պատանի ստեղծագործողների՝ տալով նրանց հնարավորություն դրսևորվելու, ներկայանալու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու հայ կոմպոզիտորական մեծ ընտանիքի։
Կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա և դա քաջալերման ձևերից մեկն է. «Իսկ երբ դա լինում է պատանիների, սկսնակների շրջանում, այն առավել քան արդյունավետ է»։
Անվանի կոմպոզիտորը եղել է նախորդ տարի կայացած մրցույթի ժյուրիի նախագահը։
«Առիթ ունեցել եմ ներկա լինելու, որտեղ մասնակցում էին ամենակրտսերները: Դա իսկապես տոնական օր էր թե՛ երիտասարդների համար, թե՛ նրանց շրջապատող երաժշտասերների, ինչու ոչ՝ նաև մասնագետների համար»,- նշել է կոմպոզիտորը։
Տ.Մանսուրյանը հույս է հայտնել, որ մրցույթում ունեցած հաջողությունները պատանիների համար կարևոր նշանակություն կունենան. «Հուսամ, որ այդ խրախուսումը խթան կհանդիսանա, որպեսզի նրանք հաջորդիվ լավ աշխատեն և լինեն նվիրյալը երաժշտական նվիրական գաղափարներին»։
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայ պատանի ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, Սփյուռքից։ Կրտսեր ենթախմբում մասնակցության համար (մինչև 13 տարեկան) անհրաժեշտ է ներկայանցնել մեկ դաշնամուրային ստեղծագործություն, իսկ ավագ ենթախմբում (14-18 տարեկան)՝ գործիքային ստեղծագործություն (առավելագույնը 4 գործիքի համար)։ Հայտերը հնարավոր է ուղարկել [email protected] հասցեին կամ տանել Կոմպոզիտորների միություն (Դեմիրճյան 25)։ Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ։ Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես կխրախուսվեն՝ ստանալով դրամական պարգևներ։
Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան