Գևորգ Ղազարյան. «Հավաքականի յուրաքանչյուր խաղին նվիրվում եմ 100 տոկոսով»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեծ պատիվ է համարում լինել իր երկրի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Քվեարկության արդյունքներով երկրորդը ճանաչված հայ ֆուտբոլիստի համար այս մրցանակը պարտավորեցնող է:
Խոսելով աշխարհի 2018 թ. ընտրական փուլի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպման մասին, Գևորգ Ղազարյանը նշեց, որ գտնվում է լավ մարզավիճակում, քանի որ մասնակցել է պորտուգալական թիմի հանդիպումներին և խաղային պրակտիկայի պակաս չունի:
«Ղազախստանի հավաքականի հետ խաղում ակնկալիքները մեծ են: Ամեն ինչ պետք է անենք` հաղթանակ տոնելու համար: Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ 2-րդ հանդիպումն ենք անցկացնում: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր մեթոդները: Հիմա նորությունները շատ են: Կարևորը թիմում տիրող մթնոլորտն է, որը շատ բարձր է ու դրական»,- ասաց Ղազարյանը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախորդ` Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ և, բնականաբար, այս խաղում ևս սպասելիքները նրանից մեծ կլինեն:
«Հավաքականի յուրաքանչյուր խաղին նվիրվում եմ 100 տոկոսով: Թե ինչպես կստացվի, չեմ կարող ասել: Իմ կողմից ամեն ինչ կանեմ` լավ արդյունք ապահովելու համար»,- ասաց Գևորգը։
Խոսելով Պորտուգալիայի առաջնության մասին, Գևորգ Ղազարյանը նշեց, որ այստեղ իրեն լավ է զգում, պորտուգալական լիգան իրեն շատ հոգեհարազատ է` արագաուժային և տեխնիկական ֆուտբոլի տեսանկյունից և օգնում է լավ մարզավիճակ պահպանել, իսկ այն հավաքականին հարկավոր կլինի առաջիկա պատասխանատու խաղում: