Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր ստացավ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեպետ այս պարգևն իր համար ոչ բացառիկ էր, ոչ էլ անակնկալ, այդուհանդերձ շատ ուրախ է կրկին լավագույնի կոչմանն արժանանալու համար:
«Այս մրցանակն ինձ հետագայում մեծ ուժ կտա, կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի կրկին արժանանամ լավագույնի կոչմանը: Ցանկացած դեպքում խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ, առաջին հերթին, ինքս ինձ համար, իմ ազգի համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե Անգլիայում, թե ամբողջ աշխարհում: Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մասին իմանան հնարավորինս շատ մարդիկ: Ֆիքսվում եմ իմ խաղի, մարզումների և մրցելույթների վրա և ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում: Շարժվում եմ առաջ և փորձում եմ հասնել իմ նպատակներին»,- ասաց Մխիթարյանը:
Անդրադառնալով մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպմանը, մեր ընտրանու ավագը նշեց, որ հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում, բոլորը լավ տրամադրությամբ սպասում են առաջիկա խաղին:
«Լավ ենք հասկանում այս հանդիպման արժեքը և, կարծում եմ, կկարողանանք լավագույնս դրսևորել մեզ: Իհարկե, խաղալու ենք հաղթանակի համար: Երկրպագուների սպասելիքները մեզանից շատ մեծ են: Ինչպես և մենք, նրանք ևս ցանկացած դիմակայությունից ակնկալում են հաղթական ավարտ: Ինչ վերաբերում է իմ մարզավիճակին, ապա փոքր վնասվածք ունեի: Փառք Աստծո, հիմա լավ եմ զգում և պատրաստվում եմ առաջիկա խաղին: Ակումբային վերջին խաղին չմասնակցեցի: Ընդհանուր լեզու գտանք գլխավոր մարզչի հետ և որոշեցինք, որ ավելի լավ է մեկ խաղ բաց թողնեմ, քան հետո մի քանի ամիս ստիպված լինեմ չխաղալ»,- ավելացրեց հայ ֆուտբոլիստը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար Մխիթարյանից քիչ ջանք ու եռանդ չպահանջվեց, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ավագը կարծում է, որ այս կյանքն առանց դժվարությունների պետք չէ և ցանկացած մարդ պետք է կարողանա անցնել դժվարությունների միջով:
«Շատ հեշտ տարա այդ դժվարությունները, քանի որ գիտեի, որ ուշ թե շուտ ես իմ հնարավորությունն ստանալու եմ և այն պետք է օգտագործեմ: Լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ դժվարությունների ես հանդիպում: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Սպասեցի իմ հնարավորությանը, աշխատեցի շատ լավ և հիմա փորձում եմ օգնել մանկունյանցիներին և դառնալ նրանց մի մասնիկը»,- ասաց Մխիթարյանը:
Մխիթարյանը վերջում նշեց, որ մեր առաջիկա մրցակից Ղազախստանի հավաքականին քայլ առ քայլ ուսումնասիրում են, գործընթացը շարունակվում է, քանի որ հանդիպմանը դեռ մի քանի օր կա: