Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը
Կյանքից հեռացել է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 25-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 26-ին` ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում։
Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.:
Նույն տարում ընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսությունները:
Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական (2011-2017 թ.):
Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: