Հայաստանն աշխարհի հետ վաղը կնշի «Մոլորակի ժամ»-ը
«Մոլորակի ժամն» այս տարի աշխարհը կնշի մարտի 25-ին՝ ժամը 20:30-21:30-ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բնապահպանության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այս տարի ևս Հայաստանը միանում է նախաձեռնությանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի ու խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին ու փողոցային լուսավորությունը։
Նրա խոսքով՝ «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին ու շահագրգիռ այլ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։
«Հայաստանում արշավի այս տարվա թեման է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը տեղեկացրեց, որ ներկա պահին բոլոր աղբակույտերի, աղբավայրերի քարտեզագրում է կատարվում։
«Տավուշի մարզում քարտեզագրվել է 190 աղբավայր, որից 42-ը Նոյեմբերյանի շրջանում է, 33-ը՝ Դիլիջանի տարածքում։ Այս մարզում քարտեզագրումն ավարտվել է, գործընթացը շարունակվում է մյուս մարզերում։ Քարտեզագրումից հետո սկսվելու են սպասարկման, դասակարգման աշխատանքները, թե որը պետք է մաքրվի, որը հողածածկվի»,- ասաց Արտաշես Բախշյանը։
Նրա խոսքով՝ սրանք ժամանակավոր միջոցառումներ են և պետք է հասնեն նրան, որ ստեղծեն եվրոպական ստանդարտներով աղբավայրեր։
«Օրենսդրական դաշտը կարգավորելու խնդիր կա։ Չսահմանված վայրերում աղբ նետելու համար սահմանված են բավականին խիստ տուգանքներ, վարչական տույժեր (ֆիզիկական անձանց համար՝ 30-50 հազար դրամ, իրավաբանական անձանց՝ 100-200 հազար դրամ ), սակայն չեն կիրառվում դրանք։ Օրինախախտներին բացահայտելու ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, համագործակցությունը ոստիկանության և համայնքի ղեկավարների հետ պետք է շատ սերտ լինի»,-նշեց Արտաշես Բախշյանը։
Հանդիպմանը ներկա Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ աղբահանության հետ կապված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում նաև երկրի զբոսաշրջության զարգացման վրա։
«Մարդիկ ալարում են հավաքել իրենց թողած աղբը։ Պետք է այս խնդրի շուրջ համախմբել բոլորին, առաջին հերթին հենց այդ աղբը ամեն պատահած տեղ թափողներին։ Եղել են դեպքեր, որ զբոսաշրջիկները գալիս են, տեսնում աղբը եկեղեցու մոտ ու թողնում հետ գնում»,-հավելեց նա։
«Մոլորակի ժամն» առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 մլն մարդ անջատել էին լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան