«Տարոն-Ավիա»-ի ինքնաթիռը կկրի սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անունը
Հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն ապրիլի վերջից կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջին թռիչքը կլինի ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։
«Թռիչքն իրականացվելու է Բոինգ 737-500 մակնիշի ինքնաթիռով, որը համապատասխանում է քաղավիացիայի վարչության բոլոր պահանջներին։ Ինքնաթիռը կրելու է սիրված դերասան, գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը։ Ընկերությունն արդեն ունի երեք լիզինգային ինքնաթիռ»,-ասաց տնօրենը։
Ինչ վերաբերում է գներին՝ նա հայտնեց, որ Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ տոմսի արժեքը 75 եվրոյին համապատասխան դրամ է, իսկ Կրասնոդար-Գյումրին՝ 60 եվրոյին համապատասխան դրամ. «Այս գնի մեջ են մտնում են բոլոր տուրքերը, 25 կգ բեռ և 7 կգ ձեռքի բեռ»։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունը հետագայում թռիչքներ է իրականացնելու Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։
Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն ավելացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ավիացիայի պատմության մեջ ավիատոմսի երթուղի անդորրագրի մեջ ուղևորներին հետաքրքրող տեղեկատվությունը, բացի անգլերեն, ռուսերենից, նշված է լինելու նաև հայերեն լեզվով։
Հարակից հրապարակումներ`
- «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից
- Փետրվարի 1-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումը կլինի անվճար
- «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը կիրականացվի 50 տոկոս իջեցված սակագնով
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից