Ես հիմա բռնցքամարտիկներին չէի բաժանի առաջին եւ երկրորդ համարների. Դավիթ Թորոսյան
Ռումինիայում` Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից եւ Գերմանիայում` «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ շարունակում են պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
«Գերմանիայում 3 մարզիկ հանդես եկավ: Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտություն կրեց առաջին մարտում:
Գոռ Երիցյանը (69 կգ) մեկնարկում հաղթանակ գրանցելուց հետո քառորդ եզրափակչում, մրցավարական տեսանկյունից վիճելի մարտում զիջեց մրցակցին:
Հովհաննես Դանիելյանը սկսեց կիսաեզրափակչից, որտեղ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով ռինգ չմտավ, իսկ պարտված եզրափակչում նրա դեմ դուրս եկավ ուժեղ մրցակից:
Ես հիմա բռնցքամարտիկներին չէի բաժանի առաջին եւ երկրորդ համարների: Դա պայմանական է:
Ապրիլին կվերսկսենք մարզումները` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Դա մեր գլխավոր նպատակն է:
Ապրիլի 10-16-ը Թբիլիսիում կմասնակցենք Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին: Կան եւս մի շարք մրցումներ Լեհաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, բայց դեռ պարզ չէ` ով որտեղ հանդես կգա»,- ասաց Դավիթ Թորոսյանը: