Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել
Ռումինիայի Բրաիլա քաղաքում կայացած Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակ են բարձրացել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Մանասյանը (91 կգ):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 7 բռնցքամարտիկ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մեկնաբանել է մայրցամաքի առաջնության արդյունքները. «Գնահատական պետք է դուք` լրագրողներդ տաք: Իմ կողմից կասեմ, որ արդյունքներն ինձ համար մոտ էին բավարար լինելուն: Չնայած կարող էր ավելի լավ լինել»:
Հարցին, թե նկատի ունեք մեդալների քանա՞կը, թե՞` հարգը, նա ասել է. «Երկրորդը: Կիսաեզրափակիչ մտած մեր երկու մասնակիցները կարող էին չեմպիոն դառնալ: Դա հատկապես Նարեկ Մանասյանին է վերաբերում: Նա կիսաեզրափակչում ուղղակի ջախջախեց ֆրասնիացի բռնցքամարտիկին, բայց մրցավարներն անհասկանալի պատճառներով Նարեկին հաղթանակ չտվեցին (2:3): Հատկապես զարմացնում է վրացի մրցավարի` ոչ մեր օգտին կայացրած որոշումը: Նրա ձայնը վճռորոշ դարձավ: Իսկ եզրափակչում ֆրասիացի բռնցքամարտիկը խորվաթին շանսեր չթողեց: Այնպես որ, որոշեք ինքներդ»:
Պատասխանելով հարցին, թե Արթուր Հովհաննիսյանին և՞ս մրցավարները «կանգնեցրին», Դավիթ Թորոսյանն ասել է. «Արթուրը կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջեց անգլիացուն: Այստեղ ոչ այնքան ակնհայտ, բայց մրցավարները նորից օբյեկտիվ չէին: Հովհաննիսյանն իմ կարծիքով չեմպիոնության մեծ հնարավորություններ ուներ»:
Խոսելով մյուս բռնցքամարտիկների մասին, Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Հրայր Շահվերդյանի մրցակցությունը 60 կգ քաշային կարգում ևս վիճելի էր: Որոշ քաշերի մասնակցությունից դժգոհ եմ: Իհարկե, ես նրանց հետ աշխատելու քիչ ժամանակ ունեի , բայց առանձին բռնցքամարտիկների մրցելույթները հարցեր են առաջացնում: Հստակ պատկերացնում եմ առաջիկայի անելիքներս: Կշարունակենք աշխատել ու առաջ շարժվել»: