Գևորգ Ղազարյան. Ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ խաղ պարգևել երկրպագուներին
ՀՖՖ պաշտոնական կայքն հրապարակել է հարցազրույց ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ:
Հարց-Գևորգ, ինչպե՞ս կգնահատես ղազախական ֆուտբոլի մակարդակը քո՝ այնտեղ խաղալու տարիներին և հիմա:
Պատասխան-Ղազախական ֆուտբոլի մակարդակը վերջին տարիներին անընդհատ աճում է: Դեռևս այն ժամանակ, երբ ես այնտեղ էի խաղում, թիմերն արդեն բավականին ուժեղացել էին: «Շախտյորի» հետ մենք դուրս եկանք Եվրոպա լիգայի խմբային փուլ: Դրանից հետո առաջնությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի ապացույցը «Աստանայի»՝ նախորդ մրցաշրջանի ելույթներն են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
Հարց- Թիմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին: Ի՞նչ ես հիշում այդ հանդիպումից:
Պատասխան- Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, և այդ խաղը սկզբից մինչև վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար:
Հարց-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:
Պատասխան- Չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, բայց մեր նպատակն այս խաղում միայն հաղթելն է: Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին:
Հարակից հրապարակումներ`
- Մարկոս Պիզելլի. «Ղազախների հետ խաղում կարող են որոշիչ դառնալ փոքր մանրուքները»
- Էդգար Մանուչարյան. «Ազգային հավաքականում նորամուտիս պահին շատ հպարտ էի»