Ուժային եռամարտի հավաքականի անդամ Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:
2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում: