Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվել են ընթացող բարեփոխումներով
Աղավնատան բժշկական ամբուլատորիայի տնօրեն Շողիկ Զաքարյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Լևոն Ալթունյանին ներկայացրել է, որ բուժաշխատողները հիմնականում նույն գյուղից են։ Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, բժիշկներից մեկը սրտնեղել է, թե բոլորն են տեղացի։ Հանրապետության վաստակավոր բժիշկ Ալիսա Պարսամյանն էր, որ 15 տարի առաջ աշխատանքի անցելով ամբուլատորիայում, ամուսնացել ու թե՛ գյուղը, թե՛ աշխատանքն իրեն սրտամոտ են։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ուղեկցող մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շեշտել է, որ Աղավնատան նորակառույց ամբուլատորիայի բոլոր բժիշկներն են սրտացավ։
Չորս համայնքի 6 հազար բնակչությանը սպասարկող ընտանեկան բժիշկները գիտեն, թե շահառուներից ով առողջական ինչ խնդիրներ ունի և մշտական ուշադրության ներքո են պահում։ Ամբուլատորիայում հաջողությամբ են իրականացվում ինչպես իմունականխարգելիչ պատվաստումները, այնպես էլ` սկրինինգային ծրագրերը։ Երիտասարդ մայրիկներն հաճույքով են օգտվում այստեղ գործող ծնողական կրթության կենտրոնից։
Օգտվելով նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունից` ամբուլատորիայի բուժանձնակազմը հետաքրքրվել է նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերից ակնկալվող արդյունքներով։ Բժիշկները նաև նշել են, որ ինտեգրվելով էլեկտրոնային առողջապահական համակարգին՝ համոզվել են, որ այն մեծ առավելություններ ունի։ Սակայն, մտավախություն ունեն, որ իրենց կողմից կատարվող աշխատանքները դրանում ամբողջ ծավալով չեն արտացոլվի։ Նախարարը վստահեցրել է, որ էլեկտրոնային համակարգը չափազանց մեծ տեղեկատվություն է պարունակելու` ընդգրկելով թե՛ կատարվող աշխատանքները, թե՛ շահառուների շարժն ու հիվանդության պատմությունը։
Հրաժեշտից առաջ նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար։