Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը. Հերմինե Նաղդալյան
Այս ընտրությունների գինը շատ բարձր է, և այն հանգամանքը, որը մենք անցկացնում ենք միակ համապետական ընտրությունը, բնականաբար, իր կնիքն է թողնում ողջ ընտրական գործընթացի վրա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքերով՝ միակ համապետական ընտրությունը լինելով հանդերձ այն նաև որոշակի սպասելիք է ձևավորում, իսկ գլխավոր սպասելիքն այն է, որ այսօր ունենանք մեր երկրի ապագայի, հանրային կյանքի կազմակերպման, առաջիկա հինգ տարիների զարգացումների վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումներ:
Անդրադառնալով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հետազոտությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հետազոտությունը տվել է բազմաթիվ հարցերի վերաբերյալ պատկերացումներ, սակայն կարևորն այն է, որ քաղաքական բոլոր ուժերն ակտիվ աշխատում են: «Հասարակության մի հատված հստակ կողմնորոշվել է, մի մասն էլ դեռևս փորձում է կողմնորոշվել: Սա նշանակում է, որ ընտրարշավի մնացած օրերը քաղաքական ուժերը պետք է օգտագործեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի չկողմնորոշված հատվածը կարողանա որոշում կայացնել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ ըստ «Գելափ»-ի հարցման արդյունքների՝ ՀՀԿ-ն առջևում է, սակայն դա իրենց «պատկերացրածն ու երազածը» չէ, ուստի պետք է աշխատեն, որպեսզի այդ ցուցանիշն ավելացնեն:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին որոշակի արդյունավետություն ունի: Վարչապետի իմիջը բավականին բարձր է, ինչը միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, կուսակցության համակիրների թիվն ավելացել է»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Անդրադառնալով համացանցում տարածված այն ձայնագրություններին, որտեղ դպրոցների և մանկապարտեզների որոշ տնօրեններ ցուցակներ են հավաքում ՀՀԿ-ի համար՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ինքն այդ ձայնագրությունները չի լսել, բայց վստահ է, որ ՀՀԿ շտաբի իր գործընկերները լուրջ ուսումնասիրել են դրանք և տարածել համապատասխան հայտարարությունը:
«ՀՀԿ-ի շտաբի կողմից տարածած հաղորդագրությունն «ատպիսկա» չի, այլ կոնկրետ ուսումնասիրությունների հիման վրա արված հայտարարություն է: Այս օրերի ընթացքում հենց ընտրարշավի սկզբից, անընդհատ տարածվեցին մտքեր, թե ցուցակագրում են, ցուցակներ են կազմում: Որևէ ընտրության համար, որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, եթե պիտի լրջորեն մասնակցի ընտրական գործընթացին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որպես կազմակերպչական աշխատանք կատարելու և ցուցակագրումներ, ինչպես նաև կատարի իր էլեկտորատ հանդիսացող մարդկանց թվաքականի, խնդիրների և կոնտակտների կազմակերպում, որը կարելի է մի բառով անվանել ցուցակագրում»,– ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա միաժամանակ նշեց, որ «ցուցակագրում» ասելիս պատկերացնում ենք «նեգատիվ», վարչական ռեսուրսի չարաշահում, բայց դրա տակ կա կազմակերպչական աշխատանք, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը: Այսպիսով, ըստ նրա, ցուցակագրումը չի նշանակում անձնագրեր հավաքել կամ ռեսուրս չարաշահել:
«Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ և ոչ մի քաղաքական գործիչ: Որևէ դպրոցի տնօրեն կամ մանկապարտեզի վարիչ, եթե ուզենա էլ արջի ծառայություն մատուցել, իր կոլեկտիվի անդամներին ինչ-որ բան պարտադրի, ասում ենք՝ դա չվերահսկվող գործընթաց է: Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք: Ընտրախցիկում լինելու եք մենակ, ընտրելու գործընթացն էլ չի կարող նկարահանվել»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
Ամփոփելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այս երևույթը պարզապես փուչիկ է՝ անկախ նրանից, թե ով է այդ փուչիկը փչում. «Սա փուչիկ է, որը չի աշխատում: Սա վերաբերում է ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործմանը կամ չարաշահմանը, այլև՝ ընտրակաշառքին: Բոլորն ասում են, ասում են, բայց ոչ մեկ չի տեսել այդ ընտրակաշառքը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
- Ո՞ւմ օգտին կքվեարկեիք -2. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին