Այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք. Սերժ Սարգսյանը՝ զինվորներին
Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին:
Զորավարժությունների ավարտին Հանրապետության Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին և զորքի առջև հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի խոսքը զորավարժությունից հետո ներկայացնում ենք ստորև.
«Շնորհավորում եմ բոլորիդ ուսումնամարտական խնդիրը բարեհաջող կատարելու կապակցությամբ: Կեցցե՛ք դուք: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում մշտապես դժվարություններ է ունեցել՝ նրա անվտանգությունն ապահովված չի եղել, և այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք ձեզ հետ միասին, որպեսզի որևէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը:
Վերջին քսանհինգ տարիների ընթացքում ձևավորվեց և ամրացավ հայկական բանակը: Մենք զինված ուժերը ձևավորում էինք մարտական գործողություններին զուգահեռ, բայց դրա հետ միասին ամեն օր փորձում էինք նոր հմտություններ ձեռք բերել, փորձում էինք ավելի կարգապահ լինել, հակառակորդին ավելի ծանր հարվածներ հասցնել: Նույնը պետք է անենք հիմա: Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին:
Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետև եթե դա չլինի՝ վտանգը, անպայման, դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք:
Շնորհակալ եմ ձեր ծնողներին՝ ձեր դաստիարակության համար, շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին՝ ձեզ կրթելու համար, և իհարկե, շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում եք անել գրեթե անհնարինը:
Վստա՛հ եղեք՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, կառավարությունը շարունակելու է մշտապես իր թիվ մեկ խնդիրը համարել մեր զինված ուժերի սպառազինությունը, մեր զինված ուժերի ապահովումը, և դուք էլ, ձեր հերթին պետք է ամենօրյա ծառայությամբ վստահեցնեք մեր ժողովրդին, որ պատրաստ եք անառիկ պահելու այս սահմանները:
Կեցցե՛ք:
Շնորհակալ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան