Վրաստանում նշում են դիվանագիտական հաղթանակը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն առաջին անգամ ընդունել է բանաձև Վրաստանի օգտին: Գրում են վրացական լրատվամիջոցներն ու մանրամասնում, որ Ժնևում մարտի 24-ին 34-րդ նստաշրջանում խորհուրդը ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» վերնագրով բանաձևը: Վրաստանի նախաձեռնած բանաձևի ընդունմանն աջակցել է 43 պետություն:
«ՄԱԿ-ի կարևորագույն մարմնի կողմից ընդունված բանաձևը՝ մարդու իրավունքների վերաբերյալ, հանդիսանում է վրացական դիվանագիտության հերթական հաղթանակը»,-նշում է Apsney.ge կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բանաձևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս մեկ անգամ նշում է Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականության ու սուվերենության նկատմամբ ունեցած հարգանքի մասին:
Նշվում է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ամրապնդման գործում Վրաստանի իշխանությունների ջանքերի մասին, լուրջ ահազանգ է հնչեցվում Վրաստանի «օկուպացված» տարածքներում մարդու իրավունքների ու հումանիտար վիճակի մասին:
Նշվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, միջազգային ու տարածաշրջանային մոնիտորինգի այլ մեխանիզմներ զրկված են Աբխազիայում ու Ցխինվալիում գործելու հնարավորությունից: