«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Մրցանակաբաշխությունը կայանալու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ:
Էդգար Էլբակյանը ծնվել է Թիֆլիսում 1927 թվականին: 1946թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Երևան: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1950-62թթ. աշխատել է Երևաի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» (Ռիշել), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ) և այլն: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Տարելկին), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Մուշեղ), Մ.Պանյոլի «Տոպազ» (Տոպազ) և այլն: Մի շարք դերերով հանդես է եկել նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Կրակ» (1963թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Հուսո աստղ» (1976թ.) և այլ ֆիլմերում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1979թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում 1988 թվականին: