Արմեն Պետրոսյանը գնահատում է հակաահաբեկչական գործընթացներին ՀՀ ներգրավվածության հնարավորությունները
«Սիրիայում ահաբեկչական կառույցների գործունեությունից բխող հետևանքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների փորձ ձեռք բերած, իսլամական ծայրահեղական գաղափարախոսությամբ զինված հազարավոր զինյալներից արդեն մեր երկրին ու տարածաշրջանին սպառնացող վտանգի մասին ահազանգելն, ավելին, դրա դեմ պայքարի մեխանիզմներ ուրվագծելը հույժ կարևոր է, և ողջունելի է, որ Հայաստանն առաջիններից մեկն է այդ մասին բարձրաձայնում, այն էլ հնարավոր ամենաբարձր մակարդակով»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի կետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով ռուսական «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արդի ահաբեկչական սպառնալիքի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած դիտարկումները:
Փորձագետի կարծիքով. «Ներկայում աշխարհում նման վտանգավոր ծավալների հասած ահաբեկչական սպառնալիքի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակին ինչպես գերտերություններն, այնպես էլ տարածաշրջանային կարևոր դերակատարները չհաշվարկեցին, կամ սխալվեցին իրենց կանխատեսումներում՝ վարելով Մերձավոր Արևելքի համար աղետաբեր, իսկ ամբողջ աշխարհի համար՝ բավական վտանգավոր քաղաքականություն, ինչը հանգեցրեց իսլամական ծայրահեղականության աննախադեպ աճին: Իսկ այդ վտանգն ընդամենը մի քանի տարվա ընթացքում արդեն հասցրել է այնքան խորը արմատներ գցել, որ բոլորս էլ ականատես ենք լինում ինչպես անվտանգության բավական բարձր մակարդակ ունեցող շրջաններում ահաբեկչական տարաբնույթ հարձակումների, այնպես էլ բնօրրանում դրա դեմ վարվող պայքարում առաջացած տարաբնույթ բարդություններին։
Ուստի շատ կարևոր է արդենիսկ գործնական քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում և Իրաքում առկա հակաահաբեկչական պայքարի հետևանքներն արդեն մեր տարածաշրջանում կանխելու հեռանկարի հետ կապված, քանի որ նշված արաբական երկրներում ահաբեկչական կառույցների չեզոքացումից հետո ողջ մնացած «ջիհադականներն», այդ թվում՝ ավելի քան 5000-ը (այդ թվում՝ ավելի քան 1000-ը՝ Ադրբեջանից) հետխորհրդային տարածքից, վերադառնալու են իրենց հայրենիքները կամ ակտիվորեն ներգրավվելու են նոր ռազմական հակամարտություններում. դրա առարկայական օրինակին ականատես եղանք շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված ռազմագործողությունների ընթացքում, երբ ադրբեջանական բանակի զինծառայողականների կողքին հանդես էին գալիս նաև բազմաթիվ այլազգի վարձկաններ, իսլամականներ:
Հետևաբար հույժ կարևոր է, որ հակաահաբեկչական պայքարին ներգրավված պետությունները, կազմակերպություններն ավելի ճկուն լինեն, արագ արձագանքեն նոր իրողություններին և փորձեն կանխարգելել հետևանքները: Այս համատեքստում, ինչպես և ՀՀ Նախագահն ընդգծեց, նույն ՀԱՊԿ-ի շրջանականերում օրակարգային խնդիր է առավել առարկայական գործողություններ մշակելու, նաև Սիրիայի տարածքում ՌԴ կողմից իրականացվող հակաահաբեկչական պայքարին հնարավորինս աջակցելու առումով։
Մարդկության առջև ծառացած օրակարգային խնդիրներին մշտապես անդրադառնալը, ավելին՝ հնարավորությունների սահմաններում դրանց լուծման գործընթացներին ներգրավվելը մեծապես բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկը՝ որպես մերօրյա միջազգային հարաբերությունների լիարժեք դերակատարի: Ասվածի վառ օրինակն է՝ ՄԱԿ-ի խաղաաղապահ առաքելություններին մասնակցությունը, բարդագույն խնդիրների բախված երկրներին, այդ թվում՝ բարեկամ սիրիացի ժողովրդին պարբերաբար ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը, ինչպես նաև՝ արդեն ՀՀ Նախագահի կողմից բարձրաձայնվող՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող հակաահաբեկչական պայքարին, սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված Մոսկվայի ջանքերին, գործողություններին առարկայորեն աջակցելու հնարավորությունները։
Բացի միջազգային նշանակությունից, Հայաստանի նման քաղաքականությունը հույժ կարևոր է նաև համահայկական տեսանկյունից: Նման ակտիվ քայլերով մեր երկիրն էականորեն մոտենում է նաև մերձավորարևելյան մի շարք երկրներում ստեղծված հակամարտային իրավիճակից զգակիորեն տուժող հայ համայնքներին. մասնավորապես՝ ակտիվորեն ներգրավվելով Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը, Հյուսիսային Իրաքի քրդական տարծաշրջանում՝ Էրբիլում հյուպատոսություն հիմնելով, սիրիահայ մեր հայրենակիցներին տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու արդյունքում մեր հայրենակիցները, վստահաբար, առավել մոտից են զգում հայրենիքի շունչն իրենց թիկունքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում