«Ծառուկյան» դաշինքի և ՀԿԿ-ի ծրագրերում էկոլոգիական հարցեր ներառված չեն. Կարինե Դանիելյան
Բնապահպանական խնդիրների ամենաամփոփ և բազմակողմանի անդրադարձը «ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրում է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ դաշինքի ծրագրում ոլորտային բավական լուրջ վերլուծություն է արվել:
«ՕՐՕ-ի ծրագրում հատուկ քննարկվել են Ամուլսարի, փոքր ՀԷԿ-երի, անտառների, կենսաբազմազանության թեմաները: Նշված է նաև, որ էկոմշակույթի զարգացման և էկոլոգիական կրթության զարգացման կարիք կա: ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում ևս լուրջ, քննադատական վերլուծություն կա: Սակայն հարց է առաջանում՝ ո՞վ է երկրում էկոլոգիական խնդիրների պատասխանատուն, եթե տարիներ շարունակ Հայաստանում իշխանություն է ՀՀԿ-ն: Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրին, ապա դրանում թեև ուղիղ անդրադարձ էկոլոգիական հարցերին չկա, սակայն կա հղում ՀԱԿ-ի բնապահպանական հայեցակարգին»,- ներկայացրեց բնապահպանը:
Անդրադառնալով ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի՝ բնապահպանության խնդիրներին վերաբերող կետերին՝ Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ անդրադարձը կատարված է երեք կետերով: Բավական համակողմանի բնապահպանական ծրագիր է ներկայացրել «Ելք» դաշինքը՝ սկսած հանքարդյունաբերության հարուցած վնասներից, վերջացրած երկիրն աղբից մաքրելու անհրաժեշտությամբ:
«Հայկական վերածնունդի ծրագրում էլ նշված է, որ Հայաստանում էկոգործունեություն չպետք է ծավալեն հատկապես օֆշորային գոտում գրանցված ընկերությունները: Նույնի մասին է պնդում նաև Ազատ դեմոկրատներ կուսակցությունը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրին, ապա այնտեղ էկոլոգիական խնդիրներին անդրադարձ առհասարակ չկա: Նախընտրական ծրագրում էկոլոգիական հարցեր չի ներառել նաև Կոմունիստական կուսակցությունը:
Ասուլիսին ներկա «Տապան» էկոակումբ ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանն իր հերթին նշեց, որ կուսակցությունների զգալի մասը չի գիտակցում շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը:
«Ինձ թվում է՝ թեկնածուներն ուզում են պատգամավոր ընտրվել՝ բնական ռեսուրսները շահագործելու մեխանիզմներ ունենալու, բնությունը սեփական կարիքներին ծառայեցնելու համար»,- ասաց նա: