ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասված է. «Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարևորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամաբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն:
Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին և մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:
Այս առումով, կարևոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ:
Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Վտանգավոր երևույթ է լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին