Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը
Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը:
Լորենց Առուշանյանը ծնվել է 1935 թ, Բաքվում: Ավարտել է Բաքվի հայկական միջնակարգ դպրոցը: 1953-57թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1957-62թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), 1962-64թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1964թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Միշկին), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Կասիո), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), «Ղազարը գնում է պատերազմ» (Վասիկ), Ա.Չեխովի «Բալի այգի» (Գաև), Ա.Վարդանյանի «Ախացել» (Ոստիկան), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մորգենթաու), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Տեր Հայկազուն) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է ֆիմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Այդ քաղցր խոսքը` ազատություն» (Մոսֆիլմ, 1972թ.), «Ամեն ինչ նորից» (1989թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2006թ.` «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակի:
1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում