
Հայ մարմնամարզիկները ոսկի, արծաթ և բրոնզ են բերել Դոհայից
Դոհայում ավարտվել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, մրցաշարի վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել Արթուր Դավթյանը: Զուգափայտեր վարժությունում հայ մարմնամարզիկը զբաղեցրել 8-րդ տեղը:
Ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում:
Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:
Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: