Իմ կոչի նպատակն այն է՝ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, ուղղակի կարողանան մեզ փոխանցել. վարչապետ
«Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնվելով մեր ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Անդրադառնալով սփյուռքահայությանը փետրվարի 27-ին ուղղված կոչին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ամենամեծ ներուժը և ամենաուժեղ կապիտալը մարդն է, և զարգացման ծրագրերի հիմքում հենց այդ գաղափարն է դրված:
«Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, հաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակույթի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետև այսօրվա արագ փոփոխվող և զարգացող աշխարհում դա չափազանց կարևոր է», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Իրենց ելույթներում սիրիահայերը ողջունել են Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքահայությանը՝ իրենց աջակցությունն ու մասնակցության պատրաստակամությունը հայտնելով Հայաստանի զարգացման ծրագրերին:
«Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Երևանում, Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել և իրեն ապահով զգալ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին