Քարոզչության շատ անհամաչափ դաշտ է ստեղծվել. Կոմկուսի ներկայացուցիչ
«ԱԺ գնում են այնպիսի մարդիկ, ովքեր քարոզարշավի ընթացքում փորձում են մարդկանց խաբել փողով և իրենց համերգներով: Դրանով զբաղվում են ամենահարուստ կուսակցությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության տարածքային ցուցակի ներկայացուցիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդն այսօր պետականության մտածելակերպ չունի, մտածում են ով փող ունի, նա էլ կարող է երկիր կառավարել. «Չնայած սրան, համոզված եմ, որ կան մարդիկ, ովքեր չեն ասում, որ կոմունիստական կուսակցության համար պիտի քվեարկեն, բայց գնալու են և քվեարկեն»:
Կոմկուսի ներկայացուցիչն անդրադարձավ նաև «Գելափ»-ի սոցհարցմանը՝ նշելով. «Նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ շատ սխալ էր նրանց հետազոտությունը: Հիմա մենք այդ կազմակերպությանը բերել ենք մեր երկիր, որը փորձում է շեղել հանրությանը: Շատ մարդիկ նրանց ներկայացրած տվյալներից հետո հրաժարվում են գնալ ընտրությունների»:
«Հայաստանի կոմունիստական կուսակցության» տարածքային ցուցակի ներկայացուցիչ, մանկավարժ Արմինե Դավթյանի կարծիքով՝ քարոզչության շատ անհամաչափ դաշտ է ստեղծվել:
«Օրինաչափ և ճիշտ կլիներ, եթե սահմանադրության նախընտրական փուլում ոչ մի կուսակցություն չունենար պետական լծակներ: Այսօր ստացվում է, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը ունենալով պետական լծակներ, իրենց քարոզարշավի ժամանակ օգտագործում են դրանք: Խախտում են նաև աշխատանքային օրենսդրությունը՝ աշխատանքային ժամերին քարոզչություն անելով»,-ասաց նա:
Արմինե Դավթյանի խոսքով՝ մյուս կուսակցությունները մնում են ավելի թույլ քարոզչական գործիքների վրա և այս պարագայում հույսը մնում է միայն մարդկանց սթափ մտածողության վրա:
«Մենք չենք ասում, որ վերադառնան Խորհրդային տարիները, բայց պետք է պահպանենք այն հիմքը, որը մնացել է այդ տարիներից և աշխատենք դրանց վրա»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան