Ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն. Հակոբ Ղազանչյան
Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ուղերձ է հղել օրվա առիթով. «Ամեն տարի անհամբեր բոլորս սպասում ենք Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան: Այն մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, ինչու ոչ, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում:
Ցավոք սրտի, մեր երկրի տոնացույցերի ցանկում կարմիրով նշված չէ Թատրոնի օրը, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը:
Մեզ համար թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական բարդ ու երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, սերը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օր: Թող մեր տոնը բոլորիս խնդություն պարգևի: Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:
Նշենք, այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին