«Հասմիկ Պապյան՝ 30 տարի բեմում»
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 12-ին կներկայացվի Ջ.Պուչչինիի «Տոսկա» օպերան: Ֆլորիա Տոսկայի դերում հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Օպերային թատրոնից հայտնում են, որ ներկայացումը նվիրվում է սիրված օպերային երգչուհու ստեղծագործական գործունեության 30-ամյակին:
Օպերային ներկայացման դիրիժորն է լինելու Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/:
Օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը ծնվել է 1961 թվականին Երևանում: Ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։
Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Քարնեջի Հոլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։
Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա:
Նրա խաղացանկը ներառում է՝ Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա»), Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո»), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը:
Պապյանի խաղացանկի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին՝ Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան: Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով։
2009 թ-ի հունվարից, նա իր խաղացանկին ավելացրել է ևս մի հիանալի դերակատարում՝ Եղիսաբեթ Ա թագուհի Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում» (դեբյուտը Դալլասի օպերայում):
Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար։ Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը:
Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:
2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով՝ այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա