Ամերիկացի համանախագահ. Պետք է միշտ զգուշություն հանդես բերենք հրապարակավ խոսքում
«Մենք Բաքվում, Երևանում նույն ուղերձն ենք փոխանցել: Հիմնական ուղերձն այն է, որ բոլորը գիտեն, որ շուտով կլրանա ապրիլյան բռնությունների մեկ տարին, մեր ուղերձն այն է, որ այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, չպետք է նշանավորվի մարտադաշտում»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ եղել են նաև Բաքվում:
Հարցին, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան, համանախագահն ասաց. «Սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, միգուցե ոչ վերջնական: Կարևորն այստեղ այն է, որ լինի քաղաքական կամք բարձրագույն ղեկավարության մակադակով բոլոր կողմերում, վերադառանալ բանակցությունների, աշխատել այդ պլանների շուրջ, որպեսզի հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորում: Ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ քննարկելու այդ պլանները»:
Հարցին, թե համանախագահների հայտարարությունները թիրախային չեն լինում, ինչո՞ւ, Ռ. Հոգլանդն ասաց. «Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում: Քանի որ միջնորդներ ենք, պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի մյուս կողմին չնեղացնենք: Եթե նման բան լինի, նշանակում է քննարկումներ, միջնորդություն ունենալու հնարավորությունը կխաթարվի: Պետք է միշտ զգուշություն հանդես բերենք այն խոսքում, երբ հրապարակավ ենք հանդես գալիս, նույնիսկ եթե փակ դռների հետևում գիտենք, թե ինչ է տեղի ունենում»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը խոսելով բարձր մակարդակի հանդիպումների մասին, նշեց, որ այս պահին գործընթաց կա, կարծում է, որ մոտ ապագայում երկու երկրի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ նախապատրաստելու նախագահների հանդիպում:
Նա նաև նշեց, որ վաղն ուղևորվելու են Արցախ, Ստեփանակերտում հանդիպելու են տեղի իշխանություններին՝ ներկայացնելու հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները:
«Ժամանակն է, որ սկսվեն բանակցությունները: Բռնությունը պատասխանը չէ, ընտանիքներ են ոչնչանում, տնտեսություններ է վնասում: Պետք է ամենադրական լուծումները փորձենք գտնել»,- ասաց Հոգլանդը:
Ռ. Հոգլանդը նաև նշեց, որ որպես ԱՄՆ համանախագահ, ժամանակավորապես է զբաղեցնում այս պաշտոնը, քանի որ նախկին համանախագահ- դեսպան Ուորլիքը դեկտեմբերին վերջին դիվանագիտական ծառայությունից դուրս է եկել, ԱՄՆ հաջորդ համանախագահը մինչև տարվերեջ չի կարող համալրել մյուս երկու համանախագահի շարքերը. «Սա ուղղակի գրասենյակային, բյուրոկրատական գործընթացի հետ կապված հարց է»: