Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»
Տավուշի մարզի Վազաշեն համայնքում նախօրեին բացվել է՝ «Հավեսին սենյակ» մշակույթի կենտրոնը։ Նախագիծը, որի համահեղինակն էր նկարչուհի Սևան Նագգաշյանը, նրա վաղաժամ մահվանից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր առաջնորդությամբ կյանքի է կոչել «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը` Սևանի ընտանիքի և արվեստագետ ընկերների աջակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է Awesome հիմնադրամի դրամաշնորհով:
«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման` իրական մարդկանց մոտ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է սահմանով»,- ասել էր Սևան Նագգաշյանը:
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...Սահմանամերձ համայնքներում վառ երևակայության տեր, ընդունակ շատ երեխաներ կան, որոնք հնարավորություն չունեն զարգացնելու իրենց տաղանդները, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ, դպրոցական պարտադիր առարկաների շրջանակից դուրս բավարարելու իրենց մշակութային պահանջները: «Այս երեխաները ճաշակ զարգացնելու և ազատ միտք ձևավորելու հնարավորություն պիտի ունենան»,-ասում էր Սևանը:
Վազաշենը 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարտական և «խաղաղության» զոհեր, 47% արտագաղթ, ռմբակոծված մանկապարտեզ: Գործազրկություն: Փակուղի: Որպես արտագաղթի պատճառներ (հակառակորդի մշտական նշանառության տակ ապրելու անապահովության զգացումից բացի) գյուղացիները նշում են սահմանապահ գյուղի նկատմամբ կենտրոնի ուշադրության բացակայությունը, մայրաքաղաքի մշակութային կյանքին չմասնակցելը:
Ծրագրի նպատակն է Վազաշենի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ` մի տարածք, որտեղ երեխաները կնկարեն ու կքանդակեն, կմասնակցեն առցանց և առկա վարպետաց դասերի, արվեստի մասին ֆիլմեր կդիտեն ու կքննարկեն, հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ:
Առաջին այդպիսի հանդիպումը կայացավ հենց ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացման օրը: Վազաշենցի աշակերտների հյուրն էին հայտնի նկարիչներ, անիմատորներ և, ամենակարևորը, Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներն իրենց ուսուցիչների ու ծնողների հետ:
Նախքան այդ` Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվեց պատարագ, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:
Սևանի մասին ֆիլմի դիտումից հետո «Արեգնազանի» սաները դպրոցի դահլիճում վազաշենցիներին ներկայացրեցին իրենց պատրաստած գեղարվեստական համարները:
Երևանի կենտրոնից եկած արեգնազանցիները սահմանամերձ Վազաշենի իրեց հասակակիցներին հետագա համագործակցության և ընկերության լուրջ առաջարկներ ունեն, ծրագրեր, որոնք ձևավորվել են վաղօրոք` նախքան հանդիպումը:
Նոր ծանոթություններ, զրույցներ, էլ. հասցեների փոխանակում` հոյակապ սկիզբ երեխաների հետագա ընկերության համար: Անհատական նվերներ FCN կազմակերպության կողմից դպրոցի բոլոր 77 աշակերտներին:
Ավանդական կարմիր ժապավենի կտրում, ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ կահավորում Սևանի ընկերների կողմից, նկարակալներ ու աթոռներ երեխաների համար, Սևանի մտերիմների, եբայրների խոսքը, Սրբազանի օրհնանքն ու բարեմաղթությունները, հյուրասիրություն: Ծրագրի մեկնարկ:
«Կենտրոնը սահմանի սիրտն է, սահմանը՝ ուշադրության կենտրոն». սա է լինելու ծրագրի կարգախոսը:
ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ դառնալու է Սևան Նագգաշյանի լուսավոր մտքերի ու խոհերի մարմնացումը»:
Սևան Նագգաշյանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմի ժառանգն է: Սեբաստիա-Երուսաղեմ-Բեյրութ. այս ճանապարհն անցնելով է Սևանի պապը փրկվել ցեղասպանությունից ու հաստատվել Բեյրութում, որտեղ էլ հայտնի գրող, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքում 1968թ. նոյեմբեր 27-ին ծնվել է Սևանը: Սևան Նագգաշյանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում (1986-1992 թ.թ.), որտեղ ևս երեք տարի շարունակել է ուսումն ու մասնագիտացել կերպարվեստի մեջ: 2009-2011 թ.թ. ուսումնասիրել է Եվրոպայի արվեստի աշխարհն ու թանգարանները: Ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Սևանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր և պետական հավաքածուներում: Սևան Նագգաշյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում, ինչպես նաև Մոնրեալի անիմացիայի գլխավոր ստուդիաներում: Հիշարժան ֆիլմերից են Սիլվեն Շոմեի «The Old Lady and the Pigeons»-ը և «The Belleville Triplets»-ը, Ռուբեն Հախվերդյանի երկու երգերի մուլտֆիլմերը («Զատիկ» և «Օրոր») և «Զատիկ» DVD-գրքի ձևավորումը: Անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպման ակտիվ մասնակիցներից է, եղել է ժյուրիի անդամ։ 2014 թ. կազմակերպել և համադրել է «Արվեստը` սահմանին» ցուցահանդեսը, որի նպատակն էր Վազաշենի խնդիրները ներկայացնելով` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի հիմնահարցի վրա: Այս ցուցահանդեսից հետո մտադիր էր շարունակել Հայաստանի հեռավոր գյուղերի իրավիճակը բարելավելուն ուղղված իր գործունեությունը, բայց վաղաժամ մահը 2016 հոկտեմբերի 12-ին ընդհատեց նրա նպատակները:
Լուսանկարները՝ Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվելու է «Հավեսին սենյակ»
- Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը
- Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան