Եթե ժողովուրդը որոշեց դուրս գալ, բողոքարկել, հավատացեք, որ կլինենք ժողովրդի կողքին. Վարդան Օսկանյան
«Մեր նորագույն պատմության մեջ բազմաթիվ ընտրություններ են եղել, երբեք այսքան շուտ ընտրատեղամասից դուրս, այսքան մասսայական, բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու (3-րդ համար), ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով, իրենց դաշինքը, հիմնվելով «Իրազեկ քաղաքացիների» ՀԿ փաստերի վրա, դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ մասնակցությունն այս ընտրություններին չեղյալ համարելու համար:
Վ. Օսկանյանը նշեց, որ իր համար Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության նման կազմակերպություն գոյությունի չունի, կեղծ թվեր են դրվում շրջանառության մեջ:
«Մեր դաշինքի կողմից պատվիրվել է հարցում: Արդարացի հարցումներ են եղել: Կազմակերպության հետ պայմանավորվածության կա, որ թվեր չենք հայտարարելու: Բայց ՀՀԿ-ն շատ ցածր ռեյտինգ ունի: Բացահայտ առավելությամբ առաջին տեղում է «Ծառուկյան» դաշինքը: Մենք այդ բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ տեղ, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ից հետո մեր դաշինքի և ընտրությունների արդյունքներում առաջին տեղը գրաված դաշինքի միջև խորքային համագործակցության ռեալ հնարավորության կա»:
Հարցին, եթե ընտրություններից արդյունքներով չգրացվի ծանրակշիռ ձայներ, պատրա՞ստ եք հետընտրական զարգացումներին, ինչպե՞ս, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Մենք կենտրոնանում ենք ընտրությունների վրա, կարծում ենք, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն անել, վստահ ենք, որ դա լինելու է: Բայց եթե դա չեղավ, կարծում եմ՝ ժողովուրդն արդեն մեզ կթելադրի ինչ անել: Եթե ժողովուրդը որոշեց դուրս գալ, բողոքարկել, հավատացեք, որ կլինենք ժողովրդի կողքին»:
Դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ շարքային քաղաքացին այսօր պետք է հասկանա, որ իր ձեռքում է երկրի ապագան:
«Եթե ինքն ուզում է քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, իշխանություների վերջնական փոփոխություն, ապրի այն երկրում, որտեղ տնօրենները, ուսուցիչները որպես լծակ, գործիք չեն օգտագործվում, հնարավորություն ունի կատարել գաղտնի քվեարկություն»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ հեռանալու եք քաղաքականությունից, նույնիսկ երկրից, դրանով է պայմանավորված, որ փորձում եք վերականգնել ձեր ԱՄՆ քաղաքացիությունը, նա ասաց. «Ճշմարիտ չէ, որ հեռանում եմ երկրից կամ քաղաքականությունից, կամ փորձում եմ վերականգնել իմ քաղաքացիությունը: Հավանաբար, քաղաքական նպատակ է հետապնդում»: