Արտաքին լուսավորության համակարգ` Հորբատեղ գյուղում
Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի և արջերի հարձակումները։ Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը և այգեգործությունն է։ Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում՝ ոչխարների, խոյերի, ցլիկների: Հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:
Աղբյուրը նշում է, ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս, խորհրդային հասարակարգի փլուզումից հետո՝ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Գյուղի համեստ բյուջեն երբեք չի բավականացրել խնդիրը լուծելու համար։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում։ Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակ՝ ամբողջությամբ լուսավորելով գյուղը՝ 2,300մ երկարությամբ տարածություն։
Էներգախնայող նորակառույց համակարգը գործարկվել է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը և բնակիչները:
«Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարևոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծման արդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ և հեռատես աշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերևս, աղքատությունը կրճատելու, մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը և դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է կրճատելու համայնքային ծախսերը և աշխուժացնելու գյուղի կյանքը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: