Շառլ Ազնավուր. «Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտնաջան աշխատանքին»
Շառլ Ազնավուր՝ համաշխարհային մարդ-խորհրդանիշ: Այսպես է ներկայացրել chaskor.ru կայքի լրագրողը լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին: Լրագրողը համոզված է, որ նա նման բարձրության է հասել իր ձայնի և երգերի շնորհիվ, որոնք մարդիկ ցանկանում են մշտապես լսել: Նա գրել է հազարից ավելի երգ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է ընդունել որպես դեղահաբ՝ կախված տրամադրությունից:
Աղբյուրը նշում է, որ Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին Մոսկվայում՝ Կրեմլի պալատում, հանդես է գալու համերգային ծրագրով, ապա ներկայացրել հարցազրույց շանսոնյեի հետ:
Հարցազրույցը սկսվել է Ազնավուրի հոր ծննդավայրի՝ Ախալցխայի մասին հարցից: Նա ասել է, որ մի քանի անգամ եղել է հոր ծննդավայրում, վերջին անգամ՝ 2012 թվականին համերգով:
«Մեր ընտանիքում սերտ հարաբերություններ էին անդամների միջև, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է մեր պատմությունը, արմատները: Ցավոք, մորս կողմից մեր բոլոր հարազատները Ցեղասպանության ժամանակ կոտորվել էին: Հորս կողմից ունեմ հարազատներ, հանդիպել եմ նրանց հետ: Ախալցխա վերջին այցի ժամանակ ինձ ցույց տվեցին այն վայրը, որտեղ ենթադրաբար գտնվել է իմ հոր տունը»,- ասել է երգիչը:
Պատասխանելով հարցին, թե ձեր հորը հիշում են որպես շատ բարի մարդ, ով Փարիզում ունեցել է «Կովկաս» ռեստորան, սակայն ստիպված է եղել փակել, քանի որ շատ մեծահոգի էր, հաճախ էր մարդկանց անվճար ապահովում սնունդով, իսկ դուք Սպիտակի երկրաշարժից հետո տուժածներին օգնելու ակցիա էիք կազմակերպել, Ձեր հայրիկից եք ժառանգե՞լ, Ազնավուրն ասել է. «Այո, ինձ և իմ քրոջը՝ Աիդային, այդպես են դաստիարակել: Մեր ծնողների ճակատագրերը, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, և նրանց վարքագիծը, մեզ համար օրինակ էին: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի քաջությունն ու բարիությունը, ով փրկել է նրանց մահից Կոստանդնուպոլսից փախնելու ժամանակ: Նրանք արդեն նավում են եղել, երբ թուրք զինվորներից մեկը լսել է հայերեն խոսք և վազել նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանել է իմ ծնողներին: Ես կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարիության շնորհիվ, այդ իսկ պատճառով նրանք մշտապես ձգտում էին օգնել բոլորին: Մենք շատ համեստ էինք ապրում, բայց մեր տան դռները միշտ բաց է եղել: Նրանք կիսվում էին այն ամենով, ինչ ունեին: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր՝ սով, շրջափակում, ծնողներս մեր տանը թաքցրել էին հրեաների: Նրանք չէին փոխել իրենց արժեքները. հայրս գնացել էր ռազմաճակատ, մայրս սայլակով զենք էր բերում, իսկ ես և Աիդան օգնում էինք թաքցնել հին հագուստն ու նորը կրել»:
Պատասխանելով հարցին, թե Դուք մի անգամ ասել էինք, որ հպարտանում են այն մարդկանցով, ովքեր հաղթում են հանգամանքները, Ձեր կյանքի ո՞ր գլխավոր հանգամանքն եք դուք հաղթել, երգիչն ասել է. «Հավանաբար, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ: Ես սկսել եմ զրոյից, ես ամեն ինչ ինքս եմ սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն: Այն ժամանակ ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները սուղ էին, դրա համար ես շուտ թողեցի դպրոցը: Եվ այդ պահից սկսած ես ստիված էի ամեն ինչ ինքս անել»:
Լրագրողը նշել է, որ ամեն ինչ սկսել զրոյից՝ շատ հայկական է, ապա հարցրել է, թե ձեր բնավորության ո՞ր գիծն է հայկական, Ազնավուրը պատասխանել է. «Աշխատասիրությունը: Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Ես՝ որպես վարպետ, հղկում եմ ամեն բառ, կատարելագործում ամեն արտահայտություն: Եթե մեկ օր, շաբաթ կամ նույնիսկ ամիս է պետք լինում անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն այն փնտրում եմ»:
Նա ասել է, որ ազատ ժամանակ կարդում է լուրեր, գրականություն կամ դիտում ֆիլմ: Սկսնակ արտիստների համար հատուկ գիրք է գրել, որտեղ կարող են գտնել իր խորհուրդները:
Ազնավուրն ասել է, որ ամեն անգամ ինքը ռիսկի է գնում. «92 տարեկանում բարձրանում եմ բեմ՝ առանց ընդմիջման և մեկ կում ջրի անցկացնելու լիարժեք համերգ, նաև թռիչքներ՝ մի երկրից մյուսը, երբեմն շրջագայության ընթացքում մեկ շաբաթում չորս երկիր եմ այցելում: Ես մինչև հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետում: Հիմա ուզում եմ գնալ այն հազվագյուտ անկյունները, որտեղ դեռ չեմ երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»:
Խոսելով հանդիսատեսի մասին, նա նշել է, որ երբ երիտասարդ տարիքում հանդես ես հանդես գալիս, երբեք չեն իմանում, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը, բայց երբ հանդիսատեսը գալիս է հատուկ լսելու քեզ, այլ բան է. «Բացի այդ՝ իմ հանդիսատեսը հավատարիմ է, նվիրված: Նախկինում դահլիճի հետ ես չէի կիսվում իմ մտքերով, հիմա հանդիսատեսի հետ տարբեր բաների մասին ազատորեն խոսում եմ: Օրինակ՝ երբեմն մոռանում եմ բառերը, ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է հիշել այդքան երգեր: Դրա համար հուշարար էկրան եմ օգտագործում: Փաստացիորեն բոլոր արտիստները դա անում եմ, բայց ես միակն եմ, ով պատրաստ է այդ մասին բարձրաձայնել»:
Հարցին՝ եթե կարողանայիք մեկ նկարում ներկայացնեիք ձեր երաժշությունը, ինչպիսի՞ն այն կլիներ, Շառլ Ազնավուրն ասել է. «Ես այնքան տարբեր երգեր ունեմ տարբեր սյուժեներով: Կարծում եմ՝ հնարավոր չէր լինի մեկ կտավում այն տեղավորել: Ավելի շուտ, այն նման կլիներ Բոսխի որմնանկարին»:
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրը չիլիական պարբերականին պատմել է հայերի տաղանդի մասին
- Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին
- Հոլիվուդի փառքի ծառուղում Շառլ Ազնավուրն ունի իր աստղը
- «Չգիտեմ, թե որ լեզվով կարող եմ ավելի լավ հայերեն խոսել՝ թիֆլիսցի հորս, թե ստամբուլցի մորս». Բեմում է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին