Յուանի թանկացումն անմիջական ազդեցություն կթողնի համաշխարհային գների վրա. տնտեսագետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չինաստանի ժողովրդական բանկը ԱՄՆ դոլարի նկատմամբ յուանի դիրքերն ամրապնդել է 144 բազային կետով:
Թե ինչ ազդեցություն կունենա չինական արժույթի թանկացումը համաշխարհային շուկայի գների վրա, Panorama.am-ի թղթակիցը ճշտեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից։
Վերջինս նշեց՝ ցանկացած միտում, որ տեղի է ունենում ազդեցիկ տնտեսություն ունեցող այդ երկրում, իր անմիջական ազդեցությունն է թողնում համաշխարհային շուկայի գների ձևավորման վրա. «Եվ սա այն պարզ պատճառով, որ Չինաստանը համարվում է աշխարհի «գործարանը»։ Ինչ վերաբերում է կոնկրետ հայաստանյան տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը, ապա Կենտրոնական բանկը յուանի թանկացման մասին հայտնելով՝ դրանով կարծես մեսիջ է ուղարկում բիզնես հանրությանը, կարծես սահմանափակում կամ փորձում է կրճատել դրամի զանգվածը։ Ընդհանուր առմամբ, սա շղթայական ռեակցիայով, կարծես, անդրադառնում է ընդհանուր վիճակի վրա»։
Հարցին՝ համաշխարհային տնտեսության վրա արդեն երբվանի՞ց նկատելի կլինեն չինական արժույթի ամրապնդման հետևանքները, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց՝ տարբեր ապրանքների վրա տարբեր ժամկետներում։
«Կան ապրանքներ, որոնք ազդեցության կարող են ենթարկվել անմիջական կերպով, կան ապրանքներ կամ ծառայություններ՝ ավելի ուշ։ Սա միատարր գործընթաց չէ։ Չմոռանանք՝ բոլորը չէ, որ իրենց գործունեությունը պայմանավորում են վարկային ռեսուրսներով»,- նկատեց մեր զրուցակիցը։
Թաթուլ Մանասերյանը նշեց նաև, որ համաշխարհային տնտեսության տեմպերի դանդաղեցումն իր անվիճելի ազդեցությունն է թողել չինական տնտեսության վրա, հետևաբար չինական արժույթի տեղաշարժեր ակնկալվում էին։
«Բայց ասել, որ սա կբերի կոնկրետ փոփոխությունների, ես ձեռնպահ կմնամ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի ժողովրդական բանկը բարձրացրել է յուանի փոխարժեքը
- Չինաստանը կրկին արժեզրկել է յուանը
- Չինաստանը կրկին արժեզրկել իր ազգային արժույթը
- Չինաստանի ԿԲ-ն կտրուկ արժեզրկել է յուանը