Աշոտյանը Փաշինյանին հորդորեց ներողություն խնդրել
Քարոզարշավը գնահատում եմ դրական ու մրցակցային, անցնում է հանգիստ: Այն թույլ է տալիս մեր քաղաքացիներին ապրիլի 2-ին կատարել գիտակցված ընտրություն: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական բոլոր դերակատարներն ունեն հավասար հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց քաղաքական ծրագրերն ու պլատֆորմները: Սա շատ կարևոր է ընտրությունների գնահատականի համար»,-ասաց նա:
ՀՀԿ-ական գործիչն ուրախություն հայտնեց, որ կողմերին հաջողվում է զերծ մնալ ծայրահեղական բնորոշումներից, բևեռացման գործընթաց այս մեկ ամսում հասարակության միջև տեղի չի ունեցել:
«Ընդամենը երկու գործիչ են, որ երբեմն անցնում են բարեկրթության սահմանները: Պատահականությո՞ւն է, զուգադիպությո՞ւն է, չգիտեմ, երկուսն էլ ժամանակին նույն թերթում են աշխատել»,-ասաց Աշոտյանը, նկատի ունենալով «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանին ու «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանին:
«Եթե մեկն անհույս է բարեկրթության շրջանակ վերադարձնելու տեսանկյունից, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորեմ ներողություն հայցել այն հազարավոր մարդկանցից, ում թույլ է տվել պիտակավորել բավականին անբարոյական խոսքերով: Կարծում եմ, Նիկոլն ունի այդ խիզախությունը, իր ասած բառերի համար խնդրել ներողություն այն մարդկանցից, որոնցից շատերն իր մոր տարիքին են, մյուսները՝ կնոջ տարիքին են: Մի խոսքով, վստահ եմ՝ այդ խիզախությունը Նիկոլը կունենա»,-ասաց նա:
Անդրադառնալով առկա մրցակցությանը, Աշոյանն ասաց, որ բոլոր ուժերին համարում է մրցակից, չնայած սոցիալական հարցումների համաձայն առաջատար են ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը:
Երեկ Արարատ քաղաքում քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Կրթական համակարգը արմատից դեգրադացված է և այդ կրթական համակարգի հանրապետական կատարածուներին պետք է արմատախիլ անել, որովհետև նրանք մեր երեխաներին արդեն դպրոցում սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ՝ նրանց մտցնելով բոնբաներկաների, մատանիների, մաստիկաների և մանր փող հավաքելու հարաբերությունների մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ ուղղորդված հակաքարոզչություն է իրականացվում
- ВЦИОМ-ի նոր հարցումը․ ՀՀԿ-ն 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին
- Բորիս Նավասարդյանը ներկայացրեց քարոզչության լուսաբանման մտահոգիչ հարցերը