Արթուր Նազարյան. Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցի նոր մարզչի` Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մարզչի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրա փորձը.
«Նիկշա Բավցևիչը մեծ փորձ ունի և´ ակումբային, և´ հավաքականի մակարդակով: Բավական է նշել, որ նրա գլխավորությամբ Խորվաթիայի երիտասարդական հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել: Դա շատ լուրջ արդյունք է:
Մարզիչը լավ ծանոթ է հայկական բասկետբոլին: Բավցևիչի գործակալն ազգությամբ հայ Սևակ Կեուչյանն է: Արդեն մեկ տարուց ավելի է Կեուչյանը մեր ֆեդերացիայի հետ անմիջական աշխատում է»,- ասաց Արթուր Նազարյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ մարզիչը բասկետբոլիստների հետ կծանոթանա ամռանը: Հուլիսին ազգային թիմը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին.
«Բավցևիչն անընդհատ կապ է պահում բոլոր խաղացողների հետ: Նա ունի ընդլայնված կազմ, վերջում կկատարի ընտրություն: Մի շարք նոր բասկետբոլիստներ կան, որոնց մարզիչը հետևում է և առաջիկայում կհրապարակի կազմը: Բնականաբար, հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Ազգային թիմն ամբողջ նախապատրաստական փուլը կանցկացնի Երևանում: Հավաքին կմասնակցի 12-16 բասկետբոլիստ»,-ասել է նա:
Նազարյանի խոսքով, հուլիսին մայրաքաղաքում նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 4 երկրների մասնակցությամբ:
«Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ: Այս պահին մի քանիսը նախնական հաստատել են իրենց մասնակցությունը: Հիմա սպասում ենք վերջնական հաստատմանը: Սա նաև լավ հնարավորություն է երկրպագուների հետ շփման, ինչպես նաև մարզաձևի մասսայականացման համար»,-նշել է Արթուր Նազարյանը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են` Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ընտրական փուլը կմեկնարկի օգոստոսի 2-ին: