Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ են հանդիպում. ՀՎԿ թեկնածու
Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ և հանցանքներ են հանդիպում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու, իրավաբան Տիգրան Սարգսյանը:
Նա, որպես այդպիսի օրինակ, ներկայացրեց պատգամավորության թեկնածուին խոչընդոտելը՝ թռուցիկներ տարածելու կամ պաստառներ փակցնելու ժամանակ: Թեկնածուն միաժամանակ հույս հայտնեց, որ իր պաստառները պատռած քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը քրեական գործ կհարուցի:
«Շատ ենք առնչվում նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի հետ: Սա նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում: Կարևոր է իմանալ նաև, որ քրեորեն պատժելի հանցագործություն է ինչպես կաշառք բաժանելն, այնպես էլ վերցնելը: Խրախուսական նորմ է կաշառք վերցնելուց հետո եռօրյա ժամկետում իրավապահ մարմիններին փաստի մասին հայտնելը: Նման դեպքում քաղաքացին կարողանում է պատասխանատվությունից խուսափել»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Անդրադառնալով ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող տնօրենների ձայնագրությունների մասին հրապարակումներին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա հանցագործություն և անբարոյականություն է, որը պետք է մերժվի ամբողջ հասարակության կողմից:
Վերջում պատգամավորության թեկնածուն նշեց, որ ընտրվելու դեպքում ինքը ՀՀ քաղաքացուն խոստանում է գործունեության ողջ ընթացքում չփոխել բնակության հասցեն և հեռախոսահամարը՝ ցանկացած պահի հասանելի լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Նա հավաստիացրեց, որ անգամ ՀՎԿ-ի՝ կոալիցիա կազմելու դեպքում չի հրաժարվելու քաղաքացիներին օգնելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան