Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Ֆրանսիայի և Իրանի արտակարգ և լիազոր դեսպանները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը ջրամբարի կառուցման շինհրապարակում ծանոթացել է շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Նրանց հավաստմամբ, Վեդու ջրամբարի կառուցման նախագիծը պատրաստվել է ժամանակակից գիտական փորձի կիրառմամբ, ինչը երաշխավորում է հիդրոտեխնիկական կառույցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական «ARTELIA EAU & ENVIRONMENT» և բելգիական «SHER Ingenieurs-Conseils» ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականցվում է հայկական «Սահակյանշին» և իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից:
Պատասխանատուները հույս են հայտնել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարի շինարարությունը մեկնարկի նոր կետ կդառնա ոլորտի զարգացման համար և վստահեցրել են, որ այսօրվա ձեռնարկի արդյունքները ընդամենը 3-4 տարի հետո շոշափելի կդառնան Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար:
Մասնագետները Հանրապետության Նախագահին զեկուցել են, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խորանարդ մետր, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խորանարդ մետր: Ջրամբարը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մարտին և նախատեսված են ավարտել 2021 թվականի մարտին:
Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև, որ ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղ՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզ
- Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը
- Վեդու և Կապսի ջրամբարների շինարարությամբ ոռոգվող տարածքները կավելանան
- 75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով
- Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը կտրամադրի 75 մլն եվրոյի վարկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան