Արմեն Բաբալարյան. Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը երեկ ավարտվել է: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ առաջնության մասնակիցների քանակը գոհացուցիչ չէր:
«Առաջնությանը մասնակցեցին մոտ 100 ըմբիշներ: Նախորդ տարիներին ավելի շատ ըմբիշներ ենք ունեցել: Հիմա ձևավորելու ենք հավաքականի կազմը, որը կմասնակցի առաջիկա հավաքներին և միջազգային մրցաշարերին: Մի քանի պատանի ըմբիշներ, որոնք նոր են անցել այս տարիքային խումբ, կարողացան հաղթանակներ տանել և նույնպես կհրավիրվեն: Առաջնությունը միջին մակարդակի է: Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է: Պատանիների տարիքային խմբից գալիս են, մինչև ծանոթանում ենք, սկսում յուրաքանչյուրին իր ոճը տալ, արդեն մեծահասակներին միանալու ժամանակն է գալիս»,-նշել է Արմեն Բաբալարյանը:
Մարզիչը նաև հայտնել է, որ ապրիլին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իրանում. «Այդ հավաքը լինելու է Իրանի երիտասարդական թիմի հետ: Կհրավիրվեն 20-25 ըմբիշներ: Այնուհետև, միջազգային մրցաշարերի կմասնակցենք Ղազախստանում և Վրաստանում: Հետո ևս մի քանի հավաք կունենանք: Այդ ընթացքում ըմբիշները միջազգային գորգի փորձ ձեռք կբերեն, կտեսնենք` ինչ բացթողումներ ունեն, կփորձենք շտկել խնդիրներն ու առավելագույն չափով պատրաստվել Եվրոպայի առաջնությանը»: