Այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու. նախարար
Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվիմեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։
«Եթե այս համերգը հաջողվի, իսկ ես չեմ էլ կասկածում, կարող ենք այդպիսին կազմակերպել նաև Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները»,- այս մասին ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպմանը:
Մշակույթի նախարարությանից տեղեկացնում են, որ դեսպանն ու նախարարն այսօր խոսել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա՝ 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում նախապատրաստելու հարցերի շուրջ:
Դեսպանն առաջարկել է, որպեսզի Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ «լուսային շքերթով» այդ օրերին հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը. օրինակ, «Էրեբունիում», որի 2800-ամյակն է լրանում այդ տարի։ Առաջարկը ողջունել է նախարարի կողմից:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկած խոշոր միջոցառումներից են՝ ֆրանսերեն օպերայի պրեմիերա, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հրատարակած ֆրանսերեն գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, Ֆրանկոֆոն երկրներից երգիչների համերգ, Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի ցուցադրությունը, եթե մինչ այդ Փարիզում ավարտված լինեն նկարահանումները, և ֆիլմը պատրաստ լինի։
Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրել է նաև, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ հույս ունենալով համատեղ կինոարտադրության ավելի շատ գործընկերներ ձեռք բերել, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։