Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբի ճակատագիրն անորոշ է
Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն այս տարի հանդես եկավ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ դուրս գալով փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակչում, հինգ հանդիպումների արդյունքով (2:3) զիջեց «Գոմելին»:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը հայտնել է, որ «Արարատ» ակումբի ճակատագիրն անորոշ է։
«Ամեն ինչ կախված է ֆինանսներից: Մենք ակումբը մեր ուժերով ենք պահում, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Բելառուսին զուգահեռ կա նաև Ռուսաստանի տարբերակը: Մենք կարող էինք խաղալ հոկեյի երիտասարդական լիգայում, բայց այնտեղ հեշտ չէ մտնել, պետք է մի շարք պահանջների համապատասխանել: Օրերս, «Սոչի» հոկեյի ակումբի գործադիր տնօրեն Սերգեյ Վորոպաևը հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է հայ հոկեյիստների ներգրավմամբ: Այդ հարցի հետ կապված ես կոնկրետ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասել է նա:
Ստեփանյանի խոսքով, ապրիլի 10-16-ը Սոֆիայում կանցկացվի տափօղակով հոկեյի երրորդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը:
«Մենք կարող էինք այնտեղ խաղալ և հաղթելու մեր հնարավորությունները բավականին բարձր կլինեին: Բայց ցավոք սրտի, տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիան, հոկեյիստների անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցրերը մինչև հիմա չի կարողացել լուծել»,- ասել է նա: