ԵԽ գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է անում անհապաղ ստեղծել պատգամավորների կոռուպցիայի հետաքննության մարմին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին՝ կոչ անելով անհապաղ հաստատել հետաքննության մեխանիզմներ, որը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիոն պնդումներն ու նրանց կողմից իրականացրած չարաշահումները։
Յագլանդը Ագրամունտին ուղղված նամակում նշում է, որ հունվարի 27-ին Վեհաժողովի բյուրոն որոշել էր պատրաստել հուշագիր՝ արտաքին, անկախ հետաքննության մարմին ստեղծելու մասին, որն էլ պետք է ուսումնասիրեր պատգամավորների չարաշահումները։ Սակայն, ինչպես նշվում է նամակում, մարտի 9-10-ին Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ բյուրոն համաձայնության չի եկել հետաքննության այս մարմնի ստեղծման հետ կապված ու այժմ հարցը քննարկվելու է ապրիլի 24-ի նիստում։
«Որպես ԵԽ գլխավոր քարտուղար՝ իմ մանդատի մեջ չի մտնում հետաքննել խորհրդարանականներին։ Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն, որպես ԵԽ կանոնադրական մարմին, ընտրում է Մարդու իրավունքների հանձնակատար, ՄԻԵԴ դատավորներ, ինչպես նաև ԵԽ գլխավոր քարտուղար։ Այս կարևոր գործառույթների լույսի ներքո, առաջնահերթություն է, որ նրա բոլոր անդամները գործեն ազնվությամբ ու լայն հասարակության կողմից ընկալվեն որպես այդպիսին։
Այդ իսկ պատճառով ես դիմում եմ Ձեզ՝ գործադրել Ձեր անձնական հեղինակությունն ու արագացնել անկախ արտաքին հետաքննության մարմնի հաստատման մասին որոշումը՝ առանց հապաղելու»,-ասվում է Թորբյորն Յագլանդի՝ Ագրամունտին ուղղված նամակում։
Յագլանդը նաև նշում է, որ ԵԽԽՎ-ն շուտով ընտրելու է ՄԻԵԴ դատավորներ, ինչպես նաև Մարդու իրավունքների նոր հանձնակատար և Յագլանդն իր պարտքն է համարում՝ ապահովել, որ այս ընտրությունները տեղի ունենան էթիկայի ամենաբարձր չափանիշներին համապատասխան։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու պնդումներն անմիջականորեն կապված են Ադրբեջանի հետ։ Ամենաաղմկահարույց դեպքը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն է, ով, ըստ պնդումների, Ադրբեջանից ստացել է 2,4մլն եվրո՝ ԵԽԽՎ-ում Ադբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալման ու հակահայկական բանաձևերի ներկայացման համար։
ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորներից է նաև Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչը։
«Խավիարային դիվանագիտություն» զեկույցում ընդգրկված է նաև հենց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ինչպես նաև Ղարաբաղի հարցով զեկույցի նախագծի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, որի զեկույցը, բարեբախտաբար, տապալվեց ԵԽԽՎ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան