Հովհաննես Հարությունյանը նմանատիպ գանգատներով երբևէ չի դիմել բժիշկներին. ՀՀ ԱՆ ՔԿՎ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը լրատվական կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե մինչ օրս չի տրամադրվել իր պաշտպանյալի՝ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում անցկացված հետազոտության արդյունքները` հավելելով, որ մարտի 24-ին դիմել է ՔԿՎ և պահանջել հետազոտության արդյունքները, որոնք մինչ օրս իրեն չեն տրամադրվել։
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. « սույն հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, քանզի մարտի 24-ին տիկին Հայարփի Սարգսյանը դիմել է ոչ թե ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, այլ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատրողական հիմնարկ և այսօր սահմանված ժամկետում ստացել իր պահանջած բժշկական հետազոտությունների լուսապատճենները:
Ի դեպ մարտի 24-ին Քրեակատարողական ծառայությունը Հ. Սարգսյանին ուղարկել է գրություն, որպեսզի վերջինս ՄԻԵԴ-ի որոշման շրջանակներում ներկայացնի իր կողմից նախընտրած բժիշկ-մասնագետների թեկնածությունները` ձևավորվելիք բժշկական հանձնաժողովում ընդգրկելու համար:
Ի պատասխան այս գրությանը` Հայարփի Սարգսյանը 28.03.2017թ. Քրեակատարողական ծառայությանն է ուղարկել գրություն, որում մասնավորապես նշված են եղել իր նախընտրած բժիշկ-մասնագետի տվյալները: Նույն գրության մեջ Հ. Սարգսյանը պահանջել է նաև մարտ ամսվա բոլոր հետազոտությունների արդյունքները, այդ թվում` ռենտգեն նկարները:
Այս գրությանը պատասխան տրվել է նույն օրն իսկ` մարտի 28-ին, որով մասնավորապես Հ. Սարգսյանին ևս մեկ անգամ առաջարկվել է նաև իր կողմից նախընտրած բժիշկ-մասնագետի միջոցով տեղում ծանոթանալ, ուսումնասիրել և նկարահանել ռենտգեն ժապավենների նեգատոսկոպիկ պատկերները, ինչից նա կրկին հրաժարվել է:
Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից մատնանշված իբր առկա այլ հիվանդություններին, ապա հայտնենք, որ կալանավորված անձ Հ. Հարությունյանը նմանատիպ գանգատներով երբևէ չի դիմել բժիշկներին:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում կնշանակվեն համապատասխան հետազոտություններ»: