Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի մասին որոշումները Հայաստանում միանձնյա չեն ընդունվում
Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց մեկ հոգու որոշման տիրույթում չէ, քանի որ այս հարցում վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի օղակների կոնսենսուս:
Այս մասին այսօր «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևին անցնելը Ղարաբաղի խնդրում անձնական պատասխանատվության հարցը չի թուլացնում:
«Ղարաբաղի հարցում միշտ էլ կարևոր որոշումների կայացման գործընթացը պահանջել է մի քանի խմբերի փոխհամաձայնություն: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղը ինքնին, կամ առնվազն Հայաստանում գործող ղարաբաղյան լոբբին, զինվորականությունը, դիվանագետները և այլն: Հայաստանը ճիշտ է, Շվեյցարիա չէ, բայց նաև Ադրբեջանը չէ, և ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը միայն մեկ անձի կողմից չեն ընդունվում։ Դրանք քննարկվում են վերնախավում՝ փոքր շրջանակում, և հետո միայն ընդունվում են»,-նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը նաև հավելեց, որ նախագահի կողմից Ղարաբաղի հարցում միանձնյա որոշումը չի ընդունվի այդ շրջանակի կողմից և կհանգեցնի մոտավորապես այնպիսի սցենարի զարգացմանը, ինչը տեղի ունեցավ 1998թ-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, որը պայմանավորված էր հենց Ղարաբաղի խնդրով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին