Ադրբեջանն ապրիլին իր հիմնական նպատակին չհասավ. Արա Պապյան
«Ապրիլյան պատերազմը 1994 թվականի զինադադարից հետո ամենածանրակշիռ իրադարձությունն էր, նաև վաղ 1990-ականներից հետո Ադրբեջանի առաջին ռազմական հաջողությունը»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական հաջողությունը որպես այդպիսին հիմնված էր սահմանափակ առաքելության և նպատակների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում էին կոնկրետ տարածքների զավթմանը:
«Հայաստանի նախագահի կողմից եղել է փորձ, մասնավորապես միջամտելու, ինչը հանգեցրել է Մոսկվայում կնքված համաձայնագրին: Նույնպես կարևոր է, որովհետև բանավոր համաձայնություն էր ինչ-որ մի պահի դադարեցնելու հակամարտության զինված հատվածը: Սա ոչ արդյունավետ հաշտեցման, զինադադարի համաձայնագիր էր»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հետևաբար ռազմական տեսանկյունից նոր թշնամության ռիսկը բավականին բարձր է:
«Չնայած նոր գործողությունների ռիսկի առկայությանը, ժամանակները փոխվել են: Երկու գործոն կա, որ փոփոխություն է առաջ բերել. որևէ նոր նման գործողություն այլևս անակնկալի չեն բերի համեմատած ապրիլի հետ: ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պաշտպանողներն ավելի լավ զինված են, համալրված նոր միջոցներով: Նշանակում է, որ նոր զինված ընդհարումը կարող է դառնալ շատ ավելի մեծ, շատ ավելի օրհասական»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Քննարկմանը ներկա «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը չհամաձայնվեց Ռ. Կիրակոսյանի այն դիտարկմանը, որ «հաջողություն էր Ադրբեջանի համար»:
«Կախված է նրանից, թե հաջողությունն ինչպես ենք սահմանում: Եթե 800 հեկտար հողի մասին է խոսքը, միգուցե, այո: Բայց ո՞րն էր Ադրբեջանի հիմնական նպատակը: Այդ հիմնական նպատակին չհասնելու տեսակետից՝ անհաջողության է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը փորձում էր մուտք գործել, ճեղքել պաշտպանության բոլոր գծերը և անցներ Լեռնային Ղարաբաղի խորքերը: Ինչպես տեսանք, արդեն երրորդ օրվա վերջին նախաձեռնությունը կամ հսկողությունը հայկական ուժերի ձեռքում էր: Նաև չպետք է մոռանալ, որ զինադադարի խնդրանքն առաջին հերթին ներկայացվել է Ադրբեջանի կողմից»,- ասաց Ա. Պապյանը:
Նա նույնպես նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, ռիկսը բավականին բարձր է, զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման հավականությունն էլ բարձր է:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիրն ու նախագահը խաղաղության բանակցելու որևէ հույս չի տեսնում, որովհետև Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ որևէ քաղաքական կամք չի ցուցադրվում: