ՏՄՊՊՀ-ն պարզել է բենզինի թանկացման պատճառը
Մի քանի ամիս տևած կայունությունից հետո Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։ 2016 թվականի հոկտեմբերին բենզինի գինը 350-ից դարձավ 330 դրամ, որը պահպանվեց մինչև հունվարի վերջ։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ բենզինի մանրածախ շուկայում 2017 թվականի հունվարի 27-ից դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ ևս 20 դրամով: Արդյունքում, ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է 30 դրամով՝ կազմելով 360 դրամ:
Վերջին օրերին բենզինի շուկայում գները դարձյալ սկսել են աճել, ինչը արձանագրել է նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը Panorama.am-ին հայտնեց, որ Հանձնաժողովը արձանագրել է՝ վերջին օրերին բենզինի մանրածախ գինը որոշ բենզալցակայաններում բարձրացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով, մասնավորապես, ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձել է 380 դրամ:
«Քանի որ բենզինի շուկան գտնվում է Հանձնաժողովի մշտական վերահսկողության դաշտում, ապա դիտարկվել է տեղի ունեցած փոփոխության պատճառը: Բենզինի ներկրմամբ զբաղվող խոշոր տնտեսվարողներից և համապատասխան պետական մարմիններից ստացված փաստաթղթային տեղեկատվության համաձայն, գնագոյացման շղթայում տեղի է ունեցել փոփոխություն՝ ձեռքբերման գնի բարձրացման մասով, ինչն էլ անդրադարձել է բենզինի սպառման գնի վրա»,- պարզաբանեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը: