Պարարտանյութերի բաշխումն ու որակը վերահսկվում է. գյուղնախարար
«Երկու մատակարարներն արդեն հանրապետություն են ներմուծել պարարտանյութերն այն քանակով, որքանով որ վճարումն արված է, և շարունակելու են ներմուծել ու բաշխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ բաշխումը հստակ հասցեական է, որակն ու պարկի քանակը վերահսկվում է:
«Մարզերի կողմից տրամադրված ցուցակների հասցեականություն կա: Բաշխումից հետո կտեսնենք պահանջարկը կավելանա, թե կնվազի: Սա մի փուլ է, որից հետո մենք պետք է երևի թե անցնենք արդեն պարարտանյութը չսուբսիդավորելուն, շուկան ընդհանրապես ազատականացնենք հաջորդ տարվանից և միգուցե ավելի լավ արդյունքներ կունենանք, քան այս տարի»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հավելեց, որ այս պահին հանրապետություն է ներմուծվում միայն վրացական պարարտանյութ. «Իրանից ներմուծում այս պահին չկա, այնտեղ տոնական օրերի հետ կապված արձակուրդ է, գործարանները չեն աշխատում: Արձակուրդներից հետո կսկսվի նաև իրանական պարարտանյութի ներմուծումը: Գները երկու երկրներից նույնն է՝ 7 հազար դրամ, երկու մատակարարն էլ այդ գինն են տվել, որից հազարը դրամը մենք սուբսիդավորում ենք»: