Իրանցի պաշտոնյա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճոկանը չի գրանցել Ադրբեջանի անվանը
Ճոկանը հին իրանական մարզախաղ է, որը շուրջ հազար տարվա պատմություն ունի,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ տեղեկացրել է Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ Վաքիլի Գիլանին:
Սպահանի պատմական հրապարակում անցկացված ճոկանի մարզախաղերի փակման արարողության ժամանակ ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահն «ԻՌԻԲ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Իրանի մշակութային պատմական արժեքներն «ադրբեջանականացնելու» քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Բարեբախտաբար Ադրբեջանին չհաջողվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ճոկանը գրանցել իր անվանը: Ճոկանի բնօրրանն Իրանն է:Իրանը ճոկան մարզախաղն իր անվանը գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է հիմնավոր փաստեր, որոնք վկայում են, որ ճոկանը հին իրանական մարզախաղ է, որը շուրջ հազար տարվա պատմություն ունի: Հուսով ենք այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճոկանն Իրանի անվանը գրանցելու մասին որոշում կկայացնի»:
Հավելենք, որ Իրանը տարիներ շարունակ Ադրբեջանին մեղադրում է իրանական մշակութային և պատմական արժեքները յուրացնելու մեջ: Ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների՝ վերջին տարիներին Ադրբեջանն իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց բացի՝ հետևողականորեն յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, զուրխանեն, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», իրանական մանրանկարչության արվեստը, իրանական ձեռագործ գորգը, «Կասպիական ձին» և այլն:
Իրանական «Ղաֆղազ.իր» կայքի հաղորդմամբ՝ Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելին, վերջերս Իրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Իրանը երկու հարցում խիստ զգայուն է՝ առաջինը, երբ որ խեղաթյուրվում է իրանցիների ու Իրանի պատմությունը և երկրորդը, երբ Ադրբեջանում անարգանքի են արժանանում մեր կրոնական արժեքներն ու գաղափարները»: