Եզդիական համայնքի պատգամավորության թեկնածու. ՀՀԿ-ի հետ կկարողանանք բարձրացնել մեզ հուզող խնդիրները լուծելու իրատեսականությունը
«Իմ նպատակն է ոչ թե պարզապես պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել, այլ իմ նպատակն է առաջիկա հինգ տարիներին աշխատելով՝ հասնել եզդիական համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- եզդիական համայնքի ուսանողների հետ հանդիպմանն ասաց խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համապետական ցուցակով եզդիական համայնքի կողմից առաջադրված թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուստամ Մախմուդյանը:
Նա նշեց, որ որոշեց համագործակցել, կանգնել այնպիսի քաղաքական ուժի կողքին, որի օգնությամբ կարող են հասնել առկա խնդիրների լուծմանը:
«ՀՀԿ-ի հետ կկարողանանք բարձրացնել մեզ հուզող խնդիրները լուծելու իրատեսականությունը: Վստահ եղեք, որ ՀՀԿ-ի հետ ճանապարհ անցնելով, եթե ոչ բոլոր, գոնե համայնքի առջև ծառացած որոշ հարցերի լուծմանը կարող ենք հասնել: Մենք շարունակելու ենք ունենալ խնդիրներ, բայց միասին աշխատելով՝ կհասնենք նաև այդ խնդիրների լուծմանը»,- ասաց Ռ. Մախմուդյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական գործընթացներում փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերը հարցեր են բարձրացնում, սակայն լուծումների չեն հասնում:
«Մեծամասնություն կազմող քաղաքական ուժի հետ կարող ենք հասնել դրանց լուծմանը»,- ասաց պատգամավորության թեկնածուն՝ հավելելով, որ հետևելով նախընտրական գործընթացներին, շփվելով հասարակության հետ, վստահ է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի նաև առաջիկա խորհրդարանում:
Նա նշեց, որ անցած ընտրություններին ընդգրկված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ համայնքի առաջարկությամբ, սակայն հետագայում համայնքը եկել է համոզման և կոչ է արել իրեն՝ ներկայացվել այն ուժի ցուցակում, որի հետ հնարավոր կլինի ապագայում հասնել խնդիրների լուծմանը:
Ռ. Մախմուդյանի խոսքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է չորս մարզի՝ Արմավիր, Արագածոտն, Արարատ, Կոտայք, 50-60 համայնքի եզդիների հետ, ծանոթանել խնդիրներին:
«Մեր հայրենակիցների կողմից բարձրացված հիմնական հարցերը համապետական նշանակություն ունեն, առավել շատ խոսվում է սոցիալական խնդիրների մասին: Այսինքն՝ չպետք է այդ խնդիրները դիտարկել ազգային խտրականության հողի վրա: Դրանք, ինչպես նշեցի, պետության առջև ծառացած խնդիրներ են, որոնց լուծման ուղիները ներառված են ՀՀԿ ծրագրում»,- ասաց նա:
Եզդիական համայնքի ներկայացուցչի խոսքով, Հայաստանում բնակվող եզդիներին բացի սոցիալական խնդիրներից, նաև հետաքրքրում է եզդիների ցեղասպանության ճանաչման հարցն՝ օրենքի մակարդակով: Նա նշեց, որ այդ ուղղությամբ ինքն աշխատելու է:
Ինչ վերաբերում է այսօր Հայաստանում վարվող պաշտպանական քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ եզդի երիտասարդները ծառայում են Զինված ուժերում, մասնակցել են ապրիլյան պատերազմին, պատգամավորության թեկնածուն ասաց, որ նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարությունը նոր լիցք, որակ է հաղորդել այս ոլորտին:
«Իհարկե, չպետք է փորձենք անտեսել նախորդներին, յուրաքանչյուրն իր արժանի լուման ունի բանակի կայացման, հզորացման գործում: Այս պահին պաշտպանական քաղաքականության առումով որևէ բացասական շեղումներ չեն նկատվում»,- ասաց նա:
Ռ. Մախմուդյանը ներկաներին տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխություններն են հնարավորություն տվել ազգային փոքրամասնություններին Ազգային ժողովում անպայման ունենալ իրենց ներկայացուցիչները:
«25 տարվա բաղձալի երազանքն իրականացավ: Սակայն պետք է միասին խորհրդարան գործուղենք այնպիսի մարդու, ով կներկայացնի մեր շահերը»,- նշեց նա՝ հավելելով, որ բացի իրենից, եզդիական համայնքից ևս երեք թեկնածու է ընդգրկված ՀՀԿ ցուցակում՝ Ռզգան Շամոյան, Խդր Հաջոյան, Ամո Շարոյան:
«Խնդրում եմ՝ ապրիլի 2-ին եղեք ակտիվ, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը»,- ասաց նա:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, պատգամավորության թեկնածուն նշեց, որ տարբերվում է անցած բոլոր նախընտրական գործընթացներից, շատ հավասարակշռված է՝ չհաշված որոշ մարդկանց ամբիցիաները, անցնում է փոխըմբռնման մթնոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան