Մրցույթ՝ քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի ), «Արջի, «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Նախարարության տեղեկացմամբ, այս քարանձավները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են։
Նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները:
«Քարանձավներում առկա միջավայրի պահպանության հարցերը պարզելու, պահպանության պատշաճ պայմաններն ու պահանջները սահմանելու նպատակով խորհրդակցել ենք բնապահպանների, քարանձավագետների, հնագետների և այլ մասնագետների հետ: Ստացել ենք համապատասխան կարծիքներ: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝ պատշաճ պահպանություն և օգտագործում, ինչը ենթադրում է համապատասխան մասնագետների ներգրավում իրենց աշխատանքային խմբերում»,-ասել է Սուրեն Շաքարյանը:
Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին ներկայացվող հայտին կից ծրագրային փաթեթում, նրա խոսքով, պետք է ամրագրված լինեն անվտանգության, էկոհամակարգերի, առկա հնագիտական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տեղեկություններ ֆինանսական ներդրումների վերաբերյալ:
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձիք, նախատեսվում է նաև համատեղ օգտագործման հնարավորությունը: Հայտերի ընդունման համար սահմանված է 45-օրյա ժամկետ:
Հարակից հրապարակումներ`
- Մագելանի քարանձավ. «Ձեռնպահ մնալ քարանձավը մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելուց»
- ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը հանձնվելու է վարձակալության
- Մագելանի քարանձավի զբոսաշրջության նպատակով օգտագործման ու զարգացման ծրագիրը մշակույթի նախարարությունում է
- Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում