Աջակցություն՝ երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելուն։ Վարչապետը նշեց, որ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից կատարվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայացվել դրանք ավարտին հասցնելու լուծումներ:
Նրա խոսքերով՝ ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ մարզերում բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ. «Առկա են բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»:
Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամանակացույց ու այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։
Կարեն Կարապետյանը բոլոր մարզպետներին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբեյալ տվյալներ։
«ՀՀ ֆինանսների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում համատեղ քննարկել ու գնահատելով ռսիկերը՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք եկամտային հարկի մասին օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները ՀՀ մարզերում հաշվառված ու փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանի ձեռք բերման հնարավորության վերաբերյալ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի հանձնարարականից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդրեց այդ հանձնարարականն ուղղել նաև Պաշտպանության նախարարությանը։
«Որովհետև տվյալ ծրագիրը, որի մասին խոսում էինք, ուղիղ կապ ունի առաջնագծում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու հետ, պետք է քայլերը շաղկապենք միմյանց հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում