Վարչապետը՝ սնանկության գործերով կառավարիչների գործունեության մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման մասին և
համապատասխան հանձնարարական տվեց:
Նա նշեց, որ սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մարզային այցերի ընթացքում ներկայացրել են բազմաթիվ բողոքներ՝ սնանկության գործերով կառավարիչների գործունեության վերաբերյալ:
Բողոքները, ըստ Կարեն Կարապետյանի, հիմնականում կապված են կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության վարույթի չափազանց երկար տևելուն, պարտատերերի օրինական, այդ թվում, աշխատավարձի վճարման հետ կապված պահանջների բավարարման գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ, ինչը արդյունքն է թե գործնականում թույլ տրված թերացումների, թե օրենսդրական բացերի:
Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն։
«Այստեղ, տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում մենք կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ սնանկության հասնելուց առաջ, որպեսզի այս վիճակին չգանք, չհասնենք, որովհետև երբ հասնում ենք այդ վիճակին, մենք դրա վրա ազդելու հնարավորություն պրակտիկորեն չունենք»,- ասաց վարչապետը։