Գևորգ Ղազարյան. Վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս
«Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ում հետ կապ է հաստատել ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Գևորգ Ղազարյանը պետք է բուժզննում անցներ Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում:
«Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»,- ասել է Գ. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել էր, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում
- Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի